loading...

среда, 12 апреля 2017 г.

Երեխայի զարգացումը առաջին ամսում/ erexai zargacume arajin amsum

: Ruzanna Mkhitaryan |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

  Նորածնի կյանքում դեռ կլինեն հարյուրավոր ամիսներ և տասնյակ տարիներ, սակայն առաջին ամիսը համարվում է ծնողների հատուկ պատասխանատվության և ուշադրության ամիս, այս 30 օրվա ընթացքում նորածինը ստանում է նոր անսովոր զգացողություններ և տպավորություններ, սկսում է ճանաչել աշխարհը:
Ծնվելուց հետո առաջին ամսվա ընթացքում ընդունված է երեխային անվանել նորածին: Առաջին ոչ հեշտ շնչառական ակտից հետո երեխայի ներքին օրգան-համակարգերը սկսում են ակտիվ ադապտացվել արտարգանդային կյանքին: Ծննդատանը, ըստ կանոնների, նորածնին առաջին 24 ժամվա ընթացքում կատարում են առաջին պատվաստումը հեպատիտ «Բ» վիրուսի դեմ, իսկ ծնվելուց 24-48 ժամվա ընթացքում՝ տուբերկուլյոզի: 
  Ծնվելուն պես զգալիորեն վերափոխվում է արյունատար համակարգը, կտրուկ քայքայվում են կարմիր արյան բջիջները, սկսում է ակտիվանալ իմունային համակարգը՝ լուծելով առաջին երիկամային, մարսողական և էնդոկրինային համակարգերի խնդիրները, իսկ մաշկը, շնչառական ուղիները և ստամոքսը  ընդունում են իրենց համար անծանոթ միկրոբներ:


Հնարավոր է, որ ծնվելուց հետո նորածինը կկորցնի իր զանգվածի մոտավորապես 10 տոկոսը: Դա օրգանիզմի արտարգանդային կյանքին հարմարվելու հետևանքն է:  Ծնողները չպետք է անհանգստանան կամ տագնապեն նման իրավիճակներում: Հետագայում երեխան շատ արագ կվերականգնվի և քաշ կհավքի: Առաջին շաբաթվա ընթացքում նորածնի ողջ օրգանիզմը աշխատում է մեծ լարվածության պայմաններում, իսկ առավել ստաբիլ և հանգիստ վիճակ հաստատվում է միայն երկրորդ շաբաթվանից: 



Հասակը՝ 
49.5-50.43 սմ
Քաշը՝
3.330-3.530 կգ
Գլխի շրջագիծը՝
34-35 սմ
Կրծքավանդակի չափը՝
33-34 սմ




Նորածինը առաջին ամսվա ընթացքում օրվա մեծ մասը քնած է անցկացնւմ (մինչև 20 ժամ): Նա, որպես կանոն, քնում է գորտի դիրքով:
Նորածնի մոտ այս ընթացքում տարբերում են քնի 5 վիճակ.
  • (Խորը քուն ) Երբ երեխան բացարձակապես թուլացած է, շնչում է դանդաղ և համաչափ, աչքերը փակ են, դեմքի մկանները՝ թուլացած:
  • (Ոչ խորը քուն)  Երբ երեխան շնչում է արագ, սակայն համաչափ, հնարավոր է նկատել ձեռքերի և ոտքերի շարժ, կարելի է տարբերել թե ինչպես են շարժվում աչքերը կոպերի տակ:
  • (Ննջած վիճակ)  Այս վիճակը սովորաբար առաջանում է կերակրելու ընթացքում մինչև քնելը և բնորոշվում է երեխայի կիսաբաց աչքերով:
  • (Արթուն վիճակԱյս վիճակում երեխան ակտիվ է, կատարում է շարժումներ ողջ մարմնով, ձեռքերով և ոտքերով:
  • (ԼացԱյն ազդարարում է, որ երեխան իրեն զգում է ոչ կոմֆորտ վիճակում, օրինակ՝ նա սոված է, վախեցած  կամ թաց:

 Երեխայի մոտ առաջին ամսվա ընթացքում դիտարկվում են շարժողական ռեֆլեքսների հետևյալ առանձնահատկությունները՝ փորի վրա պառկած դիրքում նա փորձում է բարձրացնել գլուխը, իսկ երբեմն նրան հաջողվում է պահել այն մի քանի վարկյան: Առաջին 30 օրվա ընթացքում նորածինը իր սկզբնական զանգվածին ավելացնում է մոտավորապես 600 գրամ, աճում է մոտավորապես 3 սմ-ով, իսկ գլխի շրջագիծը  մեծանում է 1.5 –ից մինչև 2 սմ:

ԱՌԱՋԻՆ ԱՄՍՈՒՄ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՐԹԵԼ ԵՐԵԽԱՅԻ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Ակնհայտ է, որ մանկիկի համար լավագույն սնունդը համարվում է մայրական կաթը: Նորածնի լույս աշխարհ գալուն պես կնոջ կաթի քանակությունը աստիճանաբար ավելանում է, սակայն ոմանց մոտ (հատկապես առաջնեկի դեպքում) այս ավելացումը բավական չէ: Դրա հետ կապված առկա են բժշկների կողմից տրվող խորհուրդներ կաթնարտադրության շատացման համար: Լակտացիայի խթանման հիմնական մեթոդներից մեկը հանդիսանում է երեխային հաճախ կրծքով կերակրելը: Կերակրման այս եղանակը կոչվում է «ազատ կերակրման ռեժիմ  կամ կերակրում ըստ պահանջի»: Այսպիսով որոշ կերակրող մայրերի մոտ օրեկան ստացվում է 10-12 կերակրում:
Կարևոր է ճիշտ տեղադրել պտուկը երեխայի բերանը: Մանկիկը բերանով պետք է բռնի պտուկին հարակից ամբողջ շրջանը: Հաստատված է, որ կրծքի կաթի հիմնական ծավալը երեխան ծծում է 5-10 րոպե կերակրման ընթացքում: Սակայն կան երեխաներ, որոնք շուտ են հոգնում և քնում են կերակրման ընթացքում, որպեսզի դա տեղի չունենա՝ հարկավոր է թեթևակիորեն հպվել թշիկներին, կամ հանել բերանից պտուկը և նորից դնել բերանը: Ծծելու ընթացքում երեխան կուլ է տալիս ոչ միայն կաթ այլ նաև օդ, որից փոքրիկը ձգտում է ազատվել: Այդ իսկ պատճառով բխկացնելու գործընթացը, որի ընթացքում դուրս է գալիս ավելորդ կուտակված օդը, համարվում է կարևոր:  Սովորաբար այն կատարվում է 3 ձևով, այն է ՝ ուղղաձիգ պահելով երեխային՝ հենելով ձեր ուսին, դեմքը ներքև պահելով ձեր ծնկների վրա կամ էլ նստած դիրքով: Փորձեք այս երեք մեթոդները, որպեսզի հասկանք թե ձեզ և ձեր երեխային որ եղանակն է ավելի համապատասխանում:
Որովայնի փքվածությունը, աղիների կծկումները, «ծակծկոցներ»-ը նույնիսկ առողջ երեխաների կյանքի առաջին ամիսների հաճախակի ուղեկիցներն են: Երեխային տանը օգնելու եղանակներից են որովայնի թեթև մերսումը ժամսլաքի պպտման ուղղությամբ, «մաշկ մաշկին» կոնտակտը,  գազահեռ մոմիկի կիրառումը, երեխային փորի վրա պառկեցնելը (3-5 րոպե): Այս բոլոր մեթոդները թույլ են տալիս կանխել «ծակծոցները» և օգնում են հեռացնել գազերը աղիներից:
  Շատ կարևոր է երեխայի կյանքի առաջին շաբաթներին պորտի վերքի մշակումը: Ծննդատնից դուրս գրելու ժամանանակ  դեռ պորտի վերքը չի հասցնում լավանալ:
  Այն ընդունված է  ընդունված է  մշակել բժշկական սպիրտով: Այդ գործընթացը անհրաժեշտ է կատարել ամեն օր  առավոտները և երեկոյան ամենօրյա լոգանքից հետո, մինչև երեխայի չդառնա դարձել բացարձակ չոր: Քանի դեռ պորտի կեղևը չի ընկել, խորհուրդ է տրվում երեխային լողացնելիս ջրի մեջ ավելացնել թույլ վարդագույն մարգանցովկայի լուծույթ կամ երցուկի խառնուրդ:
Երեխայի լոգանքի ջրի ջերմաստիճանը պետք է կազմի 37-37.5 աստիճան, իսկ լոգանքի տևողությունը 5-7 րոպե: Եթե երեխայի մոտ նկատվում է արտադրություն պորտի վերքից կամ պորտի օղակի կարմրացում և փքվածություն, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Բժշկի դիմելու անհրաժեշտություն կա միայն այն դեպքում, եթե պորտը չի ընկնում 14-15 օրվա ընթացքում: 
  Նորածնի արտարգանդային միջավայրին հարմարվելու գործընթացին օգնում են բնածին ռեֆլեքսները: Նրանցից մի քանիսը անհետանում են կյանքի առաջին ամիսներին, իսկ մյուսները գիտակցական մակարդակում փոխակերպվում են ձեռք բերովի ռեֆլեքների: Բնածին ռեֆլեքսները, ինչպիսիք են՝ փռշտալու, ցնցվելու, թարթելու, հորանջելու ռեֆլեքսները, պահպանվում են նորածնի մոտ ողջ կյանքի ընթացքում: Նորածնի կյանքի առաջին ամսվա ընթացքում առանձնանում են հետևյալ ութ ռեֆլեքսները.
  1. Բռենլու ռոֆլեքսը առաջանում է ձեռքի ափը շոյելու կամ թեթև հպման ժամանակ: Ռեֆլեկտորեն մանկիկը բռնում և պահում է այն ամենը ինչը հպվում է նրա ձեռքի ափին:
  2. Փնտրելու ռեֆլեքսը արտահայտվում է մանկիկի գլխի թեքումներով, երբ հպվում կամ շոյում են նրա այտը: Այս ռեֆլեքսը համարվում է սնվելու և սննդի փնտրման բնազդի անհրաժեշտ մասը:
  3. Ծծելու ռեֆլեքսը նորածնի մոտ արտահայտվում է շութերով ծծելու փորձ կատարելու շարժումներով: Ծծելու ռեֆլեքսը ինչպես և փնտրելունը ամուր կապված են սնվելու բնազդի հետ:
  4. Բաբինսկու ռեֆլեքսի համաձայն նորածինի ոտքի մատները ոտնաթաթի հետ մեկտեղ շրջվում են տարբեր կողմեր, երբ հպվում և տեղաշարժում եք ձեր մատը նրա ոտնաթաթի արտաքին եղրագծի երկայնքով:
  5. Ըստ Մորի ռեֆլեքսի նորածինը բացում և փակում է ոտքերն ու ձեռքերը, որով նա արձագանքում է բարձր և հանկարծակի ձայների:
  6. Բաբկինի ռեֆլեքսի համաձայն նորածինի ափը սեղմելիս նա պտտում է գլուխը և բացում է բերանը:
  7. Լողալու ռեֆլեքսը նորածնի մոտ առաջանում է այն ժամանակ, երբ պառկեցնում եք նրան փորի վրա:
  8. Քայլելու ռեֆլեքսը նորածնի մոտ առաջանում է այն ժամանակ, երբ նրան բռնում եք թևերի տակից այնպես, որ նրա ոտքերը հպվեն որևէ մակերևույթի: Այդ ժամանակ մանկիկը կատարում է քայլելուն շատ նման ոտքերի շարժումներ:

   Ինչպես են զարգանում զգայական օրգանները այս ժամանակահատվածում
 Նորածինների մեծ մասը իրենց կյանքի երկրորդ շաբաթում կարողանում են իրենց տեսադաշտում պահել շարժական առարկաներ, օրինակ՝ 10 սմ տրամաչափով վառ գույնի զանգուլակը: Եթե մեջքի վրա պառկած երեխայից 40-50 սմ հեռավորության վրա տեղակայենք վառ խաղալիք և սկսենք դանդաղ տեղաշարժել աջից ձախ, ապա մանկիկը մի քանի վարկյան կֆիքսի այն իր տեսադաշտում: Երեք շաբաթական երեխան սովորաբար ունակ է հայացքով ֆիքսել քիչ թե շատ մեծ անշարժ առարկաներ, օրինակ մայրիկի կամ հայրիկի դեմքը: Եթե փորձեք մոտենալ մեջքի վրա պառկած նորածնին 40-50 սմ հեռավորության վրա և գրավեք նրա ուշադրությունը զրույցով, իսկ հետո լռեք՝ մնալով անշարժ, ապա նա նույպես «կքարանա» և կսկսի ուշադիր նայել Ձեր դեմքին: Չորս շաբաթական մանկիկի աչքերի շարժումը արդեն ավելի սահուն է և կորդինացված:
  
Մի փոքր ինֆորմացիա լսողական համակարգի մասին
Կյանքի երկրորդ շաբաթում բարձր, կտրուկ ձայնը, որի աղբյուրը գտնվում է մանկիկի տեսադաշտից դուրս, առաջացնում է ցնցում կամ աչքերի թարթում մանկիկի մոտ: Կյանքի երրորդ շաբաթում նորածինը արտաքին ձայնային ազդակներին տալիս է ավելի մեծ ուշադրություն: 
Չորրորդ շաբաթվա վերջում երեխաները սովարաբար ուրախացնում են իրենց ծնողներին ոչ միայն տեսողական և լսողական համակարգերի պրոգրեսիվ լավացմամբ, այլ նաև դրական, էմոցիոնալ ռեակցիայով վերջիններիս ներկայության դեպքում: Չորս շաբաթական մանկիկը ունակ է ծիծաղել: Ամենայն հավանականությամբ նրա առաջին ծիծաղը կապված է իրեն ուղղված բազմակի փաղաքշանքների հետ: Ինչքան շատ դուք ժպտաք նրան այնքան շուտ նա կարձագանքի ձեզ: Ընդհանուր առմամբ կարևոր է, որ ծնողները ընտանիքում պահպանեն դրական էմոցիոնալ դաշտ, չվիճեն և չպարզեն հարաբերություններ, քանի որ նորածինը սպունգի պես ծծում է այդ ամենը և զգում է իր շրջապատի հոգեկան կլիման: Հիմա նորածինը պահանջում է քնքուշ շփում: Չի կարելի անտեսել նորածնի զգայական ունակությունները:


loading...

Օգտակար խորհուրդներ